Որտե՞ղ է ավարտվում զիջումը և սկսվում պետականության կորուստը:
Ցանկացած հասարակության ամենամեծ ողբերգությունը ոչ թե արտաքին մարտահրավերներն են, այլ ներսում ձևավորվող այն վտանգավոր մտայնությունը, որը պատրաստ է անվտանգությունն ու ազգային արժանապատվությունը վաճառել կենցաղային հարմարավետության կամ քաղաքական վրեժխնդրության դիմաց:
Երբ քաղաքական նպատակահարմարությունը դառնում է ավելի կարևոր, քան պետականության հիմքերը, հասարակությունը կանգնում է ինքնաոչնչացման շեմին:
Այս իշխանությունը վրեժխնդրությունը օգտագործում է որպես քաղաքական գործիք և նախկին կամ ներկա գործիչների հանդեպ նրանց ատելությունը գերազանցում է պետական շահի գիտակցմանը, որը առաջացնում է «կույր գոտի»:
Այդ վիճակում մարդիկ պատրաստ են աչք փակել ցանկացած ապազգային քայլի, անօրինականության կամ զիջման վրա՝ միայն թե տեսնեն իրենց քաղաքական հակառակորդի պարտությունը:
Խոստացված «անհոգ կյանքը» պատրանք է, եթե դրա հիմքում ընկած է զիջումների անվերջանալի շղթան:
Անվանափոխությունից մինչև ուրացում
Արժեքային վերանայումները սկսվում են փոքր թվացող զիջումներից՝ տեղանունների, պատմական փաստերի և բարոյական սահմանների մշուշումից: Երբ հասարակական դիսկուրսում նորմալ է դառնում սեփական պատմությունից ու հայրենակիցներից հրաժարվելը հանուն «հանգիստ ապագայի», դա ոչ թե խաղաղություն է, այլ կապիտուլյացիա:
Ի՞նչ է պետք անել
1. Սթափեցնել հանրային դիսկուրսը. Քաղաքական պայքարը չպետք է անցնի պետականության սահմանադրական ու բարոյական հիմքերը: Ոչ մի քաղաքական գործիչ կամ թիմ իրավունք չունի պետության ապագան դնել սեփական ամբիցիաների սեղանին:
2. Սահմանել կարմիր գծեր. Ինքնիշխանությունը չի վաճառվում, պատմական հիշողությունը ենթակա չէ առևտրի, իսկ արդարադատությունը չպետք է փոխարինվի քաղաքական վենդետայով:
3. Վերականգնել արժեքային կողմնորոշիչները.
Իսկական անկախությունը ոչ թե մեկ կենտրոնից փախչելն է դեպի մյուսը, այլ սեփական պետական շահը ցանկացած արտաքին կամ ներքին ճնշումից վեր դասելը:
Պետությունը քանդվում է ոչ թե մեկ օրում, այլ այն պահին, երբ քաղաքացիները համակերպվում են անբարոյականության և զիջումների հետ:
Ժամանակն է կանգ առնելու և հասկանալու՝ ինչն է իրականում անգին:
Հայկ Մովսիսյան